HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տուն-տեղը կարող ես նորից ստեղծել, բայց հայրենիքը չես կարող». արցախցի գյուղապետ Հովիկ Պետրոսյան

Արցախի Ասկերանի շրջանի Կարմիր գյուղը գտնվում է Բովուրխան լեռան լանջին, Ստեփանակերտից 23 կմ հեռավորության վրա։ 2020թ․-ի 44-օրյա  պատերազմից հետո 170 բնակիչ ունեցող գյուղն աստիճանաբար սկսել էր ապրել իր բնականոն կյանքով, վերականգնել էին ավերված տները, կառուցվում էին նորերը։ Գյուղում հիմնականում հողագործությամբ եւ անասնապահությամբ էին զբաղվում, զարգացած էր մեղվաբուծությունը։ Գյուղի դպրոցում սովորում էր 43 աշակերտ։

Հովիկ Պետրոսյանը Կարմիրի գյուղապետն էր՝ 2010թ․-ից մինչև 2023թ․-ի սեպտեմբերի 19-ը։

«Շրջափակման մեջ նույնիսկ չէինք նեղվում։ Ամեն մեկը իր գյուղական տնտեսությամբ կարողանում էր ապրել, բայց վատը եկավ, լավն էլ տարավ»,- ասում է Հովիկ Պետրոսյանը։ 2020թ․-ի պատերազմից հետո գյուղը ադրբեջանական զինված ուժերի դիրքերին սահմանակից էր։ Գյուղի պաշտպանությունը կազմակերպում էր գյուղապետը, աշխարհազորայինների խրամատը ձգվում էր հարևան Սզնեք գյուղի խաչմերուկից մինչև Սարուշեն։

«Սեպտեմբերի 19-ից մեկ շաբաթ առաջ արդեն զգում էինք, որ ադրբեջանական զորքի մեծ շարժեր կան Ակնաղբյուր, Ավետարանոց գյուղերի մոտ։ Էդ օրը սովորական առավոտ էր, ոչ ոք չէր մտածում, որ կռիվ կսկսվի, մենք իննսունականներից սովոր էինք, որ հարձակումը հիմնականում առավոտ լուսադեմին է լինում՝ ժամը 5-6-ին, էս անգամ կռիվը սկսվեց սեպտեմբերի 19-ի ցերեկը՝ ժամը մեկին»,- պատմում է Հովիկ Պետրոսյանը։

Հարձակման օրվա առավոտյան հարևան դիրքերից կապվում են գյուղապետի հետ և տեղեկացնում ադրբեջանական զինված ուժերի մեծ կուտակումների մասին։ Հովիկ Պետրոսյանը կարգադրում է գյուղի բոլոր աշխարհազորայիններին ստանալ զենք և պատրաստ լինել։ Ցերեկը՝ ժամը մեկին, ադրբեջանական զինված ուժերը սկսում են հրետակոծությունը։ Գյուղի աշխարհազորը զբաղեցնում է իր դիրքերը։ Ադրբեջանական զինված ուժերը պայթեցնում են մոտակա հրամանատարական դիտակետը։

Խոցված հայկական հրամանատարական դիտակետի մոտից ադրբեջանական զինված ուժերի մոտ 30 զինվորական շարժվում է դեպի Կարմիր գյուղ։ Աշխարհազորայինները դիրքավորվում են «Ութերորդ պոստ» կոչվող դիրքում և մարտի մեջ մտնում դեպի Կարմիր գյուղ շարժվող ադրբեջանական ստորաբաժանման հետ։ Աշխարհազորայիներին հաջողվում է կանխել գյուղի գրավումը։ Ադրբեջանական զինված ուժերը հետ են քաշվում դեպի Սարուշեն։ Կարմիր գյուղի աշխարհազորը սեպտեմբերի 19-ի գիշերը անցկացնում է դիրքում՝ մինչև լուսաբաց։ Առավոտյան գյուղի աշխարհազորայինները տեղեկացնում են, որ ադրբեջանական զինված ուժերի մոտ 50 զինվորական Խաչմաչ գյուղի կողմից առաջ է եկել, և գյուղը շրջափակման մեջ է։

Կարմիր գյուղի աշխարհազորայինները շարժվում են դեպի Բովուրխան լեռը, այնուհետև իջնում են մոտակա անտառներ: Մեկ ու կես օր անցկացնելով անտառներում՝ սեպտեմբերի 21-ին հասնում են  Ստեփանակերտի արվարձան՝ Աջափնյակ թաղամաս, որտեղից էլ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ հասնում են Ստեփանակերտ։ Միայն այդտեղ են իմանում, որ պատերազմը սեպտեմբերի 20-ին՝ ժամը մեկին, դադարեցվել է։

Կարմիր գյուղի բնակիչների տարհանման վերաբերյալ հարցին գյուղապետը պատասխանում է, որ պատերազմի օրը հնարավորություն չի ունեցել անձամբ կազմակերպել բնակիչների դուրսբերումը և կարգադրել է, որ գյուղացիներն ինքնուրույն դուրս գան՝ ով ոնց կարող է։

«Սեպտեմբերի 19-ին, որ գնում ենք, մտնում խրամատները, էլ չեմ կարողանում կազմակերպել գյուղի տարհանումը։ Փոքր տղաս էլ՝ Հարութը, իմ հետ էր, ասեցի՝ գնա էրեխեքին հանի, ասեց՝ քեզ մենակ չեմ թողի։ Էդ պահին իմ ընտանիքի հոգսը նույնիսկ չենք կարողացել քաշել։ Մյուս որդիս էլ Մարտակերտի դիքերում էր: Խրամատը չէի կարող լքել, չէի կարող դիրքը թողնել, ասել եմ՝ ով ոնց կարող է, թող դուրս գա։ Եթե մենք կանգնած չլինեինք դիրքերում, ադրբեջանցիները հարձակման առաջին րոպեներին կմտնեին գյուղ»,- պատմում է գյուղապետը։

Սեպտեմբերի 19-ին Կարմիր գյուղի բնակիչներից գյուղում մնացել էր միայն 90-ամյա տարեց Մելանյա Արզումանյանը: Նրան պատերազմից հետո Կարմիր խաչի աշխատակիցները տեղափոխել են Հայաստան: 2023թ.-ի սեպտեմբերի 19-ի հարձակման հետևանքով Կարմիր գյուղից կա մեկ զոհ՝ Անդրանիկ Հարությունյան, երկու վիրավոր՝ Արմեն Պետրոսյան, Գեղամ Մանվելյան և մեկ անհետ կորած՝ Ալբերտ Ավետիսյան:

Սեպտեմբերի 27-ին Հովիկ Պետրոսյանը կնոջ, երկու որդու, հարսի և թոռան հետ տեղափոխվել է Հայաստան: Այժմ ընտանիքն ապրում է Աշտարակ քաղաքում՝ վարձով բնակարանում։

«Գիշերները քունս էլ չի տանում, աչքերս որ փակում եմ, գնում եմ Արցախ, հետո զարթնում եմ, տեսնում եմ, որ երազ էր։ Տուն-տեղը կարող ես նորից ստեղծել, բայց հայրենիքը չես կարող։ Ամեն մի քարի, քոլի կարոտը սպանում է, ինֆարկտից մեկ պակաս ապրում ենք»,- ասում է Հովիկ Պետրոսյանը։

Այժմ Պետրոսյանների ընտանիքի միակ ուրախությունը մեկամյա թոռնիկն է, որը ծնվել է Արցախում՝ շրջափակման ընթացքում։ Հովիկն ասում է, որ թոռնիկն է իրենց ընտանիքի միակ լուսավոր կետը, որին նայելով՝ մոռանում են ցավերի մասին և մտածում ապագայի, ամեն ինչ զրոյից սկսելու մասին։

Լուսանկարները՝ Արծվիկ Դավթյանի

Գլխավոր լուսանկարում՝ Հովիկ Պետրոսյանը թոռնուհու հետ

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter